Jul 26, 2022
1247

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի մասնակիցներն այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում ծանոթացել են լաբորատոր սարքավորումներին, որոնք կիրառելու են քննության գործնական փուլի ընթացքում:
Նրանց ներկայացվել են լաբորատոր սարքավորումների տեխնիկական բոլոր հնարավորությունները, քննասենյակները:
Կենսաբանության միջազգային օլիմպիադան անցկացվելու է երկու փուլով՝ տեսական և գործնական:
Հուլիսի 12-ին տեղի կունենա գործնական փուլը, որն ունի փորձարարական բնույթ և անցկացվելու է չորս՝ կենսաքիմիա, բույսերի անատոմիա և ֆիզիոլոգիա, կենդանիների անատոմիա և ֆիզիոլոգիա, կենսաինֆորմատիկա ուղղություններով: Քննության տեսական փուլը կանցկացվի հուլիսի 14-ին։
Օլիմպիադայի քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում: Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ. օլիմպիականները քննության ընթացքում համացանցի հասանելիություն չեն ունենա:
Մարզահամերգային համալիրում լաբորատոր սարքավորումներին ծանոթանալուց հետո տեղի է ունեցել օլիմպիադային մասնակցող աշակերտական թիմերի լուսանկարվելու արարողությունը:
Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել 64 երկրի աշակերտական թիմեր. յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:
Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում` գիտական օլիմպիադաների քննական ընթացքը ապահովելու համար մշակված հատուկ ծրագրով։






