The 33rd International Biology Olympiad in Armenia

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի բացման հանդիսավոր արարողությունը:

Ներկա են եղել ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, «Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահ Րիոչի Մացուդան, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը։ Հանդիսությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Ժաննա Անդրեասյանը, Կարեն Թռչունյանը, Արթուր Մարտիրոսյանը, Կարեն Գիլոյանը, ինչպես նաև ԱԺ պատգամավորներ, այլ բարձրաստիճան այրեր, ՀՀ-ում հավատարմագրված դեսպաններ, օլիմպիադայի միջազգային կազմկոմիտեի և ժյուրի պատվիրակությունների անդամներ, ավելի քան 70 երկրներից ժամանած օլիմպիադայի մասնակիցներ, կրթության և մշակույթի ոլորտների ներկայացուցիչներ:

Հանդիսավոր միջոցառումը տեղի է ունեցել՝ ըստ Կենսաբանության միջազգային կազմկոմիտեի ընթացակարգի: Բեմ են բարձրացվել օլիմպիադայի դրոշը և գավաթը, որին հաջորդել է Հայաստան ժամանած բոլոր երկրների աշակերտական թիմերի շքերթը:

«Այս կարևոր միջոցառումը Հայաստանում հյուրընկալելու պատիվն ընձեռվել է դեռևս 2018 թվականին Թեհրանում կայացած օլիմպիադայի ընթացքում՝ Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի որոշմամբ: Մենք ստանձնել ենք այս պատասխանատվությունը մեծագույն պատրաստակամությամբ ու նախանձախնդրությամբ: Իբրև այն ժամանակվա ՀՀ կրթության և գիտության նախարար` պատիվ եմ ունեցել ստորագրելու օլիմպիադայի անցկացման հուշագիրը և ուրախ եմ, որ մենք եղել ենք հետևողական՝ չնայած վերջին տարիների բոլոր խնդիրներին և մարտահրավերներին, և այսօր Կենսաբանության միջազգային օլիմպիադան արդեն իսկ իրողություն է դառնում մեր երկրում»,- ելույթի խոսքում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Միջազգային հյուրերին գիտակրթական կարևոր իրադարձությամբ Հայաստանում գտնվելու առիթով ողջունել է նաև ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը. «Անառարկելի է, որ 21-րդ դարում խիստ կարևորվում են կենսաբանության նվաճումները, որոնք նոր զարգացումների, տեխնոլոգիական նոր լուծումների աղբյուր են: Դուք եք Երկիր մոլորակի ապագա տերերը և ձեզանից է կախված մարդկության ապագան: Որպես երիտասարդ կենսաբաններ, որպես կյանքի մասին գիտությանը սիրահարված մարդիկ՝ պահե՛ք, պահպանե՛ք մեր մոլորակը, խնամե՛ք ու զարգացրե՛ք՝ ի շահ մարդկության»։

«Կենսաբանության միջազգային օլիմպիադայի ասոցիացիայի» նախագահը շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ հյուրընկալության և հետհամաճարակային այս շրջանում միջոցառման կազմակերպումը ստանձնելու համար։ Նա նաև առանձնակի շնորհավորել է մասնակիցներին. «Շնորհավորում եմ բոլորիդ ձեր երկրներում Կենսաբանության օլիմպիադայի հաղթող ճանաչվելու կապակցությամբ:

Այս առումով կարող եմ ասել, որ դուք բոլորդ հաղթողներ եք:

Կենսաբանության բնագավառում ձեր ակնառու ձեռքբերումները կճանաչվեն և կպարգևատրվեն այսօր և այս շաբաթվա ընթացքում՝ այս միջոցառմանը ձեր մասնակցության արդյունքներով»։

Այնուհետև հնչեցվել են օլիմպիադայի մասնակիցների և ժյուրիի անդամների երդման տեքստերը։

Բացման հանդիսությունն ուղեկցվել է մշակութային կատարումներով:

Նշենք, որ հուլիսի 10-18-ը Հայաստանում անցկացվում է Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադան:

 

 

 

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները ժամանում են Երեվան

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադայի մասնակիցները ժամանում են Երեվան

Jul 26, 2022 979

Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադային մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանում աշակերտական պատվիրակություններ տարբեր երկրներից։

«Զվարթնոց» միջազգային օդանավակայանում նրանք առաջին լուսանկարներն են արել։

Հիշեցնենք, որ Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան տեղի կունենա hուլիսի 10-18-ը Երևանում։

Քննություններն անցկացվելու են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում։

Օլիմպիադայի բացման հանդիսությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր՝ երեկոյան։

 

 

Հուլիսի 10-18-ը Հայաստանում կանցկացվի Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան

Հուլիսի 10-18-ը Հայաստանում կանցկացվի Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան

Jul 26, 2022 1116

Հուլիսի 10-18-ը Կենսաբանության 33-րդ միջազգային օլիմպիադան առաջին անգամ տեղի է ունենալու Հայաստանում:

Հայաստան են ժամանելու 64 երկրների աշակերտական թիմեր` յուրաքանչյուր թիմում 4 մասնակից: Օլիմպիադային կմասնակցեն 3 դիտորդ երկրներ, միջազգային ժյուրիի ավելի քան 240 անդամներ, ընդհանուր առմամբ` 500 օտարերկրյա պատվիրակներ:

Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադային ընդառաջ այսօր Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանի, Երևանի պետական համալսարանի ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի և «Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանի մամուլի ասուլիսը:

Բանախոսները ներկայացրել են օլիմպիադայի ծրագիրը, ընթացակարգը, հաստատված օրակարգը և կազմակերպչական աշխատանքների ընթացքը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, կարևորելով այսօրինակ միջոցառումների նշանակությունը մեր երկրի համար, ասել է. «2018 թ., երբ որոշում կայացվեց մեր երկրում անցկացնել օլիմպիադան, այն համընկավ շատ դժվարին ժամանակաշրջանի հետ՝ «Քովիդ-19» համավարակ, պատերազմ, բայց օլիմպիադայի կազմակերպման աշխատանքները, ի պատիվ կազմակերպիչների, չտուժեցին, ոչ մի գործողություն թերի չմնաց։ Դրանք իրականացվել են ամբողջ ծավալով, և ամբողջ ֆինանսավորումը հատկացվել է: Օլիմպիադայի կազմակերպումն առաջնահերթություն էր մեզ համար: Շատ կարևոր է նաև օլիմպիադայի բնագիտական ուղղվածությունը, քանի որ կրթության զարգացման համար ԲՏՃՄ (բնագիտություն, ՏՀՏ, ճարտարագիտություն, մաթեմատիկա) ուղղության վրա հատուկ շեշտադրում է արված»:

Ըստ փոխնախարարի՝ Կառավարության պետական քաղաքականության մեջ կրթության և գիտության դերը հատուկ շեշտադրում ունի: Աշնանը Հայաստանում անցկացվելու է նաև միջազգային «STARMUS VI» փառատոնը:

«Կառավարության կողմից քաղաքականություն է տարվում մեր երկիրը կրթական, գիտական և մշակութային միջազգային հարթակ դարձնելու ուղղությամբ: Մենք կարևորում ենք Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի անցկացումը, որը դառնում է Կառավարության որդեգրած քաղաքականության կարևոր հանգրվան»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ իրականացվող միջոցառումները բովանդակային առումով համահունչ են կրթության ոլորտում ընթացող բարեփոխումներին. «Հանրակրթության նոր չափորոշչով, որն այժմ փորձարկվում է Տավուշի մարզում, նախատեսվում է ՀՀ դպրոցներում ստեղծել բնագիտական լաբորատորիաներ, որոնք հիմք կհանդիսանան հետագայում ավելի լավ կրթական արդյունքներ ունենալու բնագիտական ոլորտներում»:

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, շեշտելով Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կարևորությունը ՀՀ գիտության և կրթության ոլորտների համար, նշել է. «Հսկայական աշխատանք է տարվել թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, թե՛ Երևանի պետական համալսարանի և կազմկոմիտեի կողմից, որպեսզի այս օլիմպիադան պատշաճ մակարդակով անցկացվի Հայաստանի Հանրապետությունում։ Իհարկե, համավարակից հետո բավականին խորհրդանշական է հենց կենսաբանության օլիմպիադայի անցկացումը ՀՀ-ում, որովհետև դրա կարևորությունը բազմիցս շեշտվել է․ տարբեր տեսակի վիրուսների կանխարգելման և տարատեսակ հիվանդությունների բուժման հետ կապված՝ կենսաբանությունը էական դեր ունի, և ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետը մասնակցում է միջազգային բազմաթիվ ծրագրերի, ֆակուլտետի գիտական հանրույթի կատարած աշխատանքները հրապարակվում են բարձր վարկանիշ ունեցող ամսագրերում, և այդ տեսանկյունից պատահական չէր նաև օլիմպիադայի անցկացման համար Երևանի պետական համալսարանի ընտրությունը։

Այս օլիմպիադան միայն միջազգային միջոցառում չէ. այն մուլտիպլիկատիվ էֆեկտ ունի թե՛ տնտեսության, թե՛ գիտության և կրթության համար, որովհետև օլիմպիադայի կազմակերպիչ երկիր մի քանի օրվա ընթացքում մուտք են գործում ավելի քան 500 մասնակիցներ՝ մի քանի տասնյակից ավելի երկրներից, իրենց մարզիչների հետ, որոնք մասնակցելու են բոլոր փորձերին, աշխատանքներին, և դա բավականին մեծ օգուտ է բերելու մեր կրթական համակարգին։

Հավելեմ, որ համատեղ ջանքերով ամեն ինչ ապահովվեց։ Այս համագործակցության արդյունքում հնարավոր դարձավ իրականացնել իրապես ծավալուն ու մեծ աշխատանք»։

«Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի» ծրագրի ղեկավար Գայանե Ղուկասյանն նշել է, որ Հայաստանի մասնակիցների խումբը ձևավորվել է առարկայական օլիմպիադաների հանրապետական փուլի արդյունքներով. երեք մասնակից` «Հերացի» ավագ դպրոցից, մեկը՝ Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցից:

«Օլիմպիադան կանցկացվի երկու փուլով՝ տեսական և գործնական. գործնական փուլը տեղի է ունենալու հուլիսի 12-ին, իսկ տեսականը՝ հուլիսի 14-ին։ Յուրաքանչյուր մասնակցի տրվելու է 7 ժամ` առանց համացանցի հասանելիության»,- մանրամասնել է Գայանե Ղուկասյանը:

Օլիմպիադայի կազմակերպման համար ՀՀ կառավարության կողմից ապահովվել է պետական ֆինանսավորում. աշխատանքները կազմակերպում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը: Միջոցառման համակարգումն իրականացնում են Երևանի պետական համալսարանը և Կենսաբանության միջազգային 33-րդ օլիմպիադայի կազմկոմիտեն:

Օլիմպիադայի բացման արարողությունը տեղի կունենա Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում 2022 թվականի հուլիսի 10-ին:

Հայաստան ժամանած միջազգային ժյուրիի անդամներն աշխատելու են գաղտնիության պայմաններում: Նրանց աշխատանքը կազմակերպվելու է «OlyExams» ծրագրի միջոցով, որը նախատեսված է գիտական օլիմպիադաների քննական ընթացքն ապահովելու համար։ Ժյուրիի կազմում ընդգրկված են անդամ երկրների ավելի քան 240 ներկայացուցիչներ:

Փակման արարողությունը տեղի կունենա 2022 թվականի հուլիսի 17-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում. հանդիսավոր միջոցառման ընթացքում կհայտարարվեն հաղթողների անունները, նրանց կհանձնվեն մեդալներ։

Տեղեկացնենք նաև, որ Կենսաբանության միջազգային օլիմպիադան (International Biology Olympiad) միություն է, որը դպրոցականների համար կազմակերպում է «Կենսաբանություն» առարկայի ամենահեղինակավոր համաշխարհային մրցույթը` Կենսաբանության միջազգային օլիմպիադան (ԿՄՕ): Օլիմպիադան իրականացվում է դեռևս 1990 թվականից և ներկայում ունի 78 անդամ պետություն:

2008 թվականին Հայաստանը Կենսաբանության միջազգային օլիմպիադային մասնակցել է որպես դիտորդ երկիր, իսկ 2009 թվականին՝ դարձել լիիրավ անդամ:

2009 թվականից ի վեր` ԿՄՕ-ին Հայաստանից մասնակցել է 35 աշակերտ:

ԿՄՕ 2022-ի կարևոր բաղադրիչներից մեկը կենսաինֆորմատիկան է: Այն միջմասնագիտական ​​դաշտ է, որը մշակում է կենսաբանական տվյալների ընկալման մեթոդներ և ծրագրային գործիքներ։ Ընդհանուր առմամբ` կենսաինֆորմատիկան կենսաբանական գիտության մեջ ինֆորմացիոն տեխնոլոգիաների կիրառումն է: Կենսաինֆորմատիկան կարևոր է ժամանակակից կենսաբանության և բժշկության մեջ տվյալների կառավարման համար:

Օլիմպիադայի տեխնոլոգիական գործընկերը «Team Telecom Armenia» ընկերությունն է, որը մրցույթի սահուն ընթացքն ապահովելու համար տրամադրել է անհրաժեշտ տեխնիկական ու թվային բոլոր լուծումները։ Օլիմպիադայի տեղեկատվական աջակիցը «Արմենպրես» լրատվական գործակալությունն է: